Հաստատուն մագնիսներ

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի  միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։ Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։ Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ: Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։ Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։ Ընդունված է  հյուսիսային  բևեռը ներկել կապույտ գույնով և նշանակել  N  տառով,  հարավայինը՝ կարմիր և նշանակել S տառով։

Կողմնացույց

Երկիրն օժտված է մագնիսական հատկություններով: Նա կարող է դիտվել որպես մի հսկայական մագնիս: Երկրի աշխարհագրական և մագնիսական բևեռները հակառակ են դասավորված։
Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ տեղակայված է  հարավային  մագնիսական բևեռը, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝  հյուսիսային  մագնիսական բևեռը։

Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։  Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները։ Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Բազմաթիվ դիտումներով և փորձերով հաստատվել է, որ թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։
Օրինակ
Եթե լույսի աղբյուրի և մեր աչքի միջև տեղադրենք անթափանց մարմին, ապա լույսի աղբյուրը մենք չենք տեսնի, քանի որ լույսի ուղղագիծ տարածման հետևանքով ճառագայթը չի կարողանա շրջանցել խոչընդոտը:
Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումըԱրեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:

Ստվերի առաջացումը

Լույսի ուղղագիծ տարածմամբ է բացատրվում ստվերի առաջացումը: Նկարներում պատկերված են անթափանց մարմիններ՝ գունդ և սափոր:
Փոքր չափեր ունեցող լույսի S աղբյուրով լուսավորելիս Bէկրանին առաջանում է ստվեր: Եթե լույսը ուղղագիծ չտարածվեր, ապա կշրջանցեր գունդը կամ սափորը և կլուսավորեր դրա հետևում գտնվող էկրանի ողջ տիրույթը:
Լույսի ուղղագիծ տարածումն օգտագործում են տեղանքում կամ ստորգետնյա ուղիղ ճանապարհներ նախագծելու, ուղիղ գծով սյուներ տեղակայելու համար:
Սյուները տեղադրում են այնպես, որ բացի մոտակա սյունից` մնացածը չերևան:

Արեգակի և Լուսնի խավարումները 

Լուսինը լույսի աղբյուր չէ, այն սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է, սակայն տեսանելի է, քանի որ անդրադարձնում է Արեգակից իր վրա ընկնող ճառագայթները։
Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև, լրիվ կամ մասնակի չափով ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը, Լուսնի կոնաձև ստվերն ընկնում է Երկրի վրա և տեղի է ունենում Արեգակի խավարում։
Երկրի մակերևույթի՝ լրիվ ստվերի սահմաններում հայտնված մասերից, դիտվում է Արեգակի լրիվ խավարում, իսկ ոչ լրիվ ստվերում գտնվող տեղերից դիտվում է Արեգակի մասնակի խավարումը։ 
Արեգակի խավարում դիտվում է, երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև:

Լուսնի խավարումը դիտվում է, երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև:

Այդ դեպքում Լուսինը գտնվում է Երկրի կողմից առաջացած ստվերի տիրույթում:
Արեգակի և Լուսնի խավարումները գիտնականները կարողանում են մեծ ճշգրտությամբ կանխատեսել կատարվելուց շատ տարիներ առաջ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս: Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
  2. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ: Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
  3. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը: Տեղանքում կողմնորոշվելու համար օգտագործվում է կողմնացույցը։  Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։
  4. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները: Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։