Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք խորհրդանշում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։
Հայկական տարազներն ունեն հին ավանդույթներ։ Տարազների կարման տեխնիկայի մի որոշ մաս է միայն հասել մեր օրեր, որոնք նորից կիրառվում են՝ հատկապես արվեստի բնագավառում։ Ցուցադրվում են ցուցահանդեսների ժամանակ, հայկական ծեսերի ցուցադրման ժամանակ՝ հերոսները կամ կերպարները կրում են համապատասխան տարազներ։ Հայկական երգերի և պարերի ժամանակ նույնպես հանդես են գալիս տարազով։ Իսկ ժամանակին այն հագել են առօրյայում, հետագայում իրենց տեղը զիջել են եվրոպական հագուստին։
Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ։

ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶ
Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղեցիկ զարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի։ Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։

ԿԱՆԱՑԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶ

Կանացի արտաքին հագուստը եղել է բազմազան՝ զգեստներ, բաճկոնակներ և անթև հագուստներ, որոնք կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները։ Զարդարանքներից կարող ենք նշել մանյակը, արծաթե ապարանջանը։